Աշխարհագրություն և բնակչություն

Աշխարհագրություն

Քաղաքը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հարավային փեշերին, Արտենի լեռան մոտ: Ծովի մակարդակից ունի 1585մ բարձրություն: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են:

Բնակչություն

Բնակչության մի մասի նախնիները 1829 թ-ից սկսած այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանից` հիմնականում Մուշի, Սասունի, Ալաշկերտի շրջաններից: 1828-1829 թթ. ունեցել է 166 (ըստ որոշ այլ աղբյուրների` 457), 1873 թ-ին` 1025, 1897 թ-ին` 1438, 1914 թ-ին` 1558,1939 թ-ին` 2255, 1959 թ-ին` 2469,1979 թ-ին` 4227 բնակիչ: Քաղաքի բնակչությունը կազմում է 8374 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%` կանայք: Ունի 2 միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, մանկապարտեզներ, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց: Ունի երկրագիտական թանգարան:

Տնտեսություն

Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը: Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ: Այստեղ գործում է բնակն ադամանդի մշակությամբ զբաղվող ձեռնարկությունը: Զարգացած է սննդի արդյունաբերությունը: Ունի պանրի գործարան, որն արտադրում է ՙՉանախ՚ պանիր և կաթնամթերք: Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է գյուղատնտեսությունը: Հիմնականում զարգացած է անասնապահությունը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Հողահանդակների ոռոգման համար օգտվում են Թալինի ջրանցքից: Զբաղվում են նաև դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Պահուստային հողերում վարելահողերը կազմում են 88հա, արոտավայրերը` 1330 հա, խոտհարքերը` 5 հա: Մշակում են նաև պտուղներ: Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը:

No comments:

Post a Comment